Հայաստանյան «որոնումներ». բացարձակ առաջատարը Google-ն է (90,3%)
Google-ն իր ձեռքում է կենտրոնացրել որոնման համակարգերի հայաստանյան շուկան: 2010 թվականի հուլիս ամսվա արդյունքներով որոնման համակարգերի հայաստանյան շուկայում Google-ը բացարձակ առաջատար է` իր 90,3% մասնաբաժնով: StatCounter Global Stats-ի տվյալների համաձայն` Հայաստանի որոնման համակարգերի շուկայում 1-5%-ի սահմաններում մասնաբաժին ունեն նաև համաշխարհային շուկայում լայն տարածում ունեցեղ այլ որոնման համակարգեր: Այսպես, YANDEX RU-ն հայաստանյան որոնման համակարգերի շուկայում երկրորդն է` իր 5,75% մասնաբաժնով, իսկ Microsoft ընկերության Bing որոնման համակարգին բաժին է ընկնում հայաստանյան շուկայի ընդամենը 2,18%-ը: Yahoo!-ի մասնաբաժինը հայաստանյան շուկայում տատանվում է 1%-ի սահմաններում, իսկ մնացյալ 1%-ը բաժին է ընկնում որոնման համակարգերի հայաստանյան շուկայում ներկայացված այլ որոնման համակարգերին: Հատկանշական է, որ Google-ը պահպանում է իր առաջատարի դիրքերն արդեն մի քանի տարի շարունակ` անընդմեջ ավելացնելով իր մասնաբաժինը շուկայում, մինչդեռ վերջին 2 տարիների ընթացքում Yahoo!-ն զիջել է իր դիրքերը և երրորդ տեղից հայտնվել հայաստանյան որոնման համակարգերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում: Այս նույն ժամանակահատվածում զգալի աճ է ապահովել YANDEX RU-ն:
Եթե դիտարկենք հայաստանյան որոնման համակարգերի շուկայի միտումները համաշխարհային շուկայում նկատվող միտումների հետ, ապա ընդհանուր առմամբ, դրանք համընկնում են: Որոնման համակարգերի համաշխարհային շուկայում առաջատարը, անշուշտ, կրկին Google-ն է: Սակայն եթե Հայաստանում Google-ի առաջատարությանը սպառնացող «վտանգ» չկա, ապա որոնման համակարգերի համաշխարհային շուկայում Google-ի մասնաբաժինը ներկայումս տատանվում է 60%-ի սահմաներում, և վերջին ամիսներին հիմնական մրցակիցներին հաջողվում է Google-ի մասնաբաժնի նվազման հաշվին ամրապնդել իրենց դիրքերը: Այսօր որոնման համակարգերի համաշխարհային շուկայում երկրորդը Yahoo!-ն է (շուրջ 20%), որին և հաջորդում է Bing-ն` իր 12% մասնաբաժնով:

Popularity: 3% [?]










