«Արտասովոր» մկնիկ Microsoft-ից. Arc Touch Mouse
Microsoft ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր հերթական նորույթը` համակարգչային նոր, «արտասովոր» տեսքով Arc Touch Mouse-ը:Վերջինս արժեքը կազմում է 69,95 դոլար: Եվ չնայած ներկայումս Arc Touch-ը հասանելի է միայն ամերիկյան սպառողներին և միայն նախնական պատվերով, այս նորարական դիզայնով մկնիկն արդեն արժանացել է աշխարհի տարբեր ծայրերում ապրող ինտերնետ-օգտագործողների համակրանքին: Arc Touch Mouse-ի վերավաճառք ներկայումս իրականացնում են միայն Amazon.com, BestBuy.com և Buy.com կայքերը, և մինչև Ամանոր այն ձեռք բերելու համար անհրաժեշտ է գրանցել պատվերը: Խանութներում այս նորույթը կհայտնվի դեկտեմբերին և 2011 թվականի առաջին իսկ օրերից կմեկնարկի «արտասովոր» մկնիկի մասսայական վաճառքը:
Microsoft ընկերությունն իր Arc Touch մկնիկին բնորոշել է որպես առաջին իր տեսակում: Այն առանձնանում է իր անսովոր հարթ դիզայնով: Ունի ընդամենը 15 մմ հաստություն, և ինչն առավել կարևորն է` ունի օգտագործողի ձեռքի ափին «հարմարվելու» հատկություն: Arc Touch մկնիկը կարող է ձևափոխվել ձեռքի ափի կառուցվածքին համապատասխան:
Microsoft-ի նոր մկնիկն աշխատում է AAA ֆորմատի մարտկոցներով, ընդ որում, Microsoft-ի պնդմամբ` մկնիկն աշխատում է շատ խնայողաբար, և նոր մարտկոցների մեկ զույգն ամենօրյա օգտագործման դեպքում կբավարարի շուրջ կես տարի: Մկնիկն ամբողջովին անլար է և աշխատում է տվյալների փոխանակման 2,4 ԳՀց հաճախականությամբ տեխնոլոգիաների և Microsoft ընկերության սեփական Microsoft BlueTrack ծրագրի համադրմամբ:
Առայժմ որպես միակ թերություն կարելի է նշել այն փաստը, որ մկնիկն աշխատում է միայն Windows-ի հետ: Linux և Mac OS օպերացիոն համակարգերի հետ այն անհամատեղելի է:
Popularity: 6% [?]










