Օրենքն արդեն գործում է. Վրաստանում ՏՏ ընկերություններն ազատվել են հարկերից
Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 15-ին ընդունել էր «Տեղեկատվական-տեխնոլոգիական գոտիների մասին» օրենքը, որի համաձայն արդեն իսկ 2011 թվականի հունվարի 1-ից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններն ազատվել են հարկերից: Ըստ այս օրենքի` Վրաստանում գործող ՏՏ ոլորտի ընկերությունները ազատվել են մասնավորապես արտահանման հարկերից և արտերկրում ծավալած գործունեության դիմաց սահմանված եկամտահարկից: Օրենքով սահմանված ընթացակարգի համաձայն, Վրաստանում գործող յուրաքանչյուր ՏՏ ոլորտի ընկերություն այս արտոնություններից օգտվելու համար ուղղակիորեն պետք է հայտ ներկայացնի «վիրտուալ գոտու անձ» կարգավիճակ ստանալու համար: Այսպիսով, Վրաստանը ևս մեկ քայլ կատարեց այս երկրի ՏՏ ոլորտի մրցակցային առավելությունների ամրապնդման ուղղությամբ, մինչդեռ Հայաստանի ՏՏ ոլորտում արտոնությունների անհրաժեշտության մասին առայժմ միայն խոսվում է: Հայաստանում ՏՏ ոլորտը դեռևս 10 տարի առաջ հռչակվեց զարգացման գերակա ուղղություն, սակայն որեւէ հարկային արտոնություն չի կիրառվում։
Հատկանշական է, որ Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ արդեն իսկ նշում են, որ շատ հավանական է, որ Վրաստանում ընդունված նոր օրենքի հետեւանքով հայերը սկսեն կազմակերպություններ ստեղծել Վրաստանում, իսկ աշխատել Հայաստանում:
Popularity: 4% [?]










