3 օրում Apple-ը վաճառել է 1,7 մլն iPhone 4
Apple-ը սահմանել է վաճառքի ծավալների նոր ռեկորդ: Ընդամենի մի քանի օր առաջ շուկայում հայտնված նոր մոդելի iPhone 4 սմարթֆոնը, չնայած մինչ այս տեխնիկական որոշ խնդիրների վերաբերյալ հայտարարություններին, վաճառվել է աննախադեպ արագությամբ: Apple-ի պաշտոնական հայտարարության համաձայն` հունիսի 24-ից մինչեւ 26-ն ընկած ժամանակահատվածում հաջողվել է վաճառել ավելի քան 1,7 մլն iPhone 4: Ինչպես նշել է ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը` սա Apple-ի պատմության մեջ արտադրանքի ամենահաջող մեկնարկն է:
Նշենք, որ նոր iPhone-ն մինչև հուլիս ամսվա վերջ պաշտոնական վաճառքի է ներկայացվելու ևս 18 երկրներում, այդ թվում` Ավստրիայում, Բելգիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Լյուսքեմբուրգում, Նեդերլանդներում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում: Ներկայումս Apple-ի նոր սմարթֆոնը հասանելի է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ճապոնիայի սպառողներին:
Ի դեպ, Apple-ն իր վաճառքից գոյացած շահույթով աշխարհում առաջատարն է համարվում բջջային հեռախոսներ արտադրող այլ ընկերությունների շարքում:
Հիշեցնենք, որ ամերիկյան Apple ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր նոր iPhone 4 սմարթֆոնը այս ամսվա սկզբին: Ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսի բնորոշմամբ` այս մոդելն իր նորարական մոտեցմամբ և տեխնիկական հնարավորություններով տարբերվում է շուկայում առկա մնացյալ բոլոր սմարթֆոններից: Այն ապահովում է առավել հստակ պատկեր, կարող է համեմատաբար երկար պահել լիցքավորումը և, իհարկե, այն առանձնանում է իր 10 մմ հաստությամբ` այսպիսով ճանաչվելով աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը:
Նոր մոդելի կարևոր առանձնահատկություններից մեկը նաև այն է, որ բացի հինգ պիկսելանոց տեսախցիկից այն ունի նաև երկրորդը` նախատեսված հիմնականում տեսաքննարկումների համար։
Popularity: 5% [?]










