Բիլայնը առաջատար ինտերնետ պրովայդերն է
Անցյալ տարվա վերջին և այս տարվա սկզբին արձանագրված կտրուկ աճի տեմպերը Հայաստանի մանրածախ ինտերնետի շուկայում չեն պահպանվի: Հենց այդ պատճառով պրովայդերները կաշխատեն մրցակիցների հաճախորդներին գրավել, ասվում է Circle.am -ի և Բիզնես 24 -ի պատրաստած “Ինտերնետը Հայաստանում” մարտ ամսվա զեկույցում:
Ըստ զեկույցի, առաջին թիրախը կլինեն Բիլայնի Hi-Line ծառայության Երևանյան հաճախորդները:
Մարտ ամսվա ընթացքում միանգամից մի քանի պրովայդերներ հայտարարեցին լասյնամասշտաբ ակցիաներ և իրենց ծառայությունների աշխարհագրության ընդլայնման մասին: iCON-ը և Arminco-ն ընդլայնում են իրենց ծածկույթը, ընդ որում, մարտի տվյալները ցույց են տալիս, որ վերջինս բավական լավ վիճակում է գտնվում:
ADC-ի էլեկտրական լարերի միջոցով ինտերնետ մատուցող Fastclick ծառայությունը նույնպես բավական գրավիչ է: Նորաբաց Ucom-ն այսօր աննախադեպ գնով ինտերնետ, ինչպես նաև ինտերակտիվ հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ է տրամադրում: Պրովայդերի հիմնական հարցը միայն նրանում է, թե որքան արագ այն կտարածի իր ցանցը:
Պրովայդերների ցուցակը մեծ առավելությամբ գլխավորում է Բիլայնը, որի համար, սակայն, լուրջ խնդիրներ կարող են առաջացնել հաճախորդների դժգոհությունները, որոնք վերջին շրջանում ավելի հաճախակի բնույթ են կրում: Այնուամենայնիվ, առաջատարի իր դիրքերը պահպանելու համար Բիլայնը դեռևս մեծ ռեսուրսներ ունի, քանի որ Երևանի որոշ շրջաններում Hi-Line-ը դեռևս մնում է նորմալ ինտերնետ ունենալու միակ մատչելի միջոցը: Այդ պատճառով Բիլայնը չի շտապում կտրուկ միջոցներ ձեռնարկել և սահմանափակվում է անվճար գրանցմամբ և մոդեմների տրամադրմամբ` մեկ տարվա պայմանագրի առկայության դեպքում:
Այսպիսով, ինտերնետ պրովայդերի ցուցակը մեծ առավելությամբ գլխավորում է Բիլայնը` 38.56% մասնաբաժինով: Երկրորդ և երրորդ տեղերում են Օրանժը (12.38%) և Վիվասելը (10.73%): Ընդ որում մարտ ամսին Օրանժի մասնաբաժինը աճել է 0.11 տոկոսային կետով, իսկ Վիվասելինը նվազել 0.96-ով:
ADC-ն չորրորդ տեղում է` 7.74%-ով: Այնուհետև Arminco-ն է (7.34%), Cornet-ը (5.09%), iCON-ը (4.29%), Ucom-ը (2.48%), Web-ը (1.67%), իսկ տասնյակը եզրափակում է Bionet-ը` 1.39%:
Popularity: 21% [?]










